ՀայաստանՄշակույթ

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը արժանացել է ևս 3 մրցանակի

Film Independent Spirit-ի 40-րդ մրցանակաբաշխության ժամանակ Շոն Բեյքերի «Անորան» արժանացել է 3 մրցանակի՝ լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն ռեժիսոր և լավագույն գլխավոր դերասանուհի անվանակարգերում։ Ֆիլմում նկարահանվել են նաև հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։

Ֆիլմը պատմում է ամերիկացի մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու «սիրավեպի» մասին։ Ավելի վաղ այն արժանացել էր Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին» և հանդիսանում է հաջորդ շաբաթավերջին կայանալիք «Օսկարի» գլխավոր հավակնորդը։

Ֆիլմը լավագույնն է համարվել նաև Critics Choice Awards-ում։ Film Independent Spirit մրցանակաբաշխության ամենամյա արարողությանն ընդգրկվում են 30 միլիոն դոլարից պակաս արժողությամբ ֆիլմերը: Ֆիլմը նկարահանվել է 6 միլիոն դոլարով։