
Կասկադը կկառուցվի 5 տարում
20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես կամբողջանա։ Նախագծի իրականացման իրավունք է ստացել 4 ընկերություններից բաղկացած կոնսուրցիումը, որի անունից հանդես կգա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Նախագծով «Կասկադի» անավարտ հատվածը կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին։
5 տարվա ընթացքում բուն շինարարական աշխատանքներն ու վարչարարական բոլոր գործառույթները կիրականացվեն։ Այս տարվա վերջում նախատեսվում է ավարտել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը և սկսել շինարարական գործընթացը։
Ծրագրի շրջանակներում ներդրող ընկերությունը կկանաչապատի ոչ միայն բուն համալիրի տարածքը, այլև շրջակայքը։
Ծրագիրն իրականացվելու է ըստ աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի։ 1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի և ժամանցի գոտիներ. «Կասկադը» դառնալու է Երևանի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։
Նշենք, որ Կասկադի համար ի սկզբանե առաջարկվում էր երկու տարբերակ։ Երևանի քաղաքացիները իրենք են հավանություն տվել այս տարբերակին։ «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը ստացել է 55.6 %-ի հավանություն։