
Երաժշտություն, որն ապրում է. Սուսաննա Նաջարյանի ճանապարհը
Երբ երաժշտությունը դառնում է ապրելակերպ, այն վերածվում է մշակութային արժեքի պահպանման հզոր գործիքի։ Հենց այսպիսի առաքելություն է իրականացնում «Ethno Colors» խմբի երգչուհի Սուսաննա Նաջարյանը, ով իր ձայնի և նվիրվածության շնորհիվ վերակենդանացնում է հայկական ավանդական երգարվեստը։
Տնտեսագիտական կրթությամբ երիտասարդ աղջիկը, որը սկզբում իրեն տեսնում էր բանկային ոլորտում, այսօր դարձել է հայկական երգարվեստի նոր ներկայացուցիչներից մեկը:
Երգով զբաղվել եմ փոքրուց բայց ոչ պրոֆեսիոնալ, — պատմում է Սուսաննան, ով իր երգելու տաղանդը ժառանգել է տատիկից:
Նրա երաժշտական ուղին սկսվել է 21 տարեկանում, երբ ընկերուհու միջոցով ծանոթացել է «Ethno colors» խմբի ղեկավար Արթուր Հարությունյանի հետ: 2019 թվականից սկսված այս համագործակցությունը շարունակվում է մինչ օրս՝ առանց դադարի:

Խմբի նպատակը պարզ է՝ ստեղծել արժեք, որը տասնամյակներ անց կներկայացնի մեր ժամանակաշրջանի ազգային երգերը։
Մեր հիմնական նպատակն է ստեղծել արժեք, որը 20-30 տարի հետո, այս ժամանակը ներկայացնելիս, ազգայինը պահպանելու գործում ինչ-որ ներդրում կունենա, — նշում է երգչուհին:
«Ethno colors»-ի երգացանկը ձևավորվում է կոլեկտիվ աշխատանքի արդյունքում: Սուսաննան հավաքում է երգերը տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Եղեռնից փրկվածների թոռների պահպանած նյութերից, տարբեր շրջանների գյուղերից, նաև համացանցից։
Խումբը, որը բաղկացած է 11 անդամից, միասին է աշխատում երգերի մշակման և ներկայացման համար։

Խմբի համերգները յուրահատուկ են. դրանք ոչ միայն երաժշտական կատարումներ են, այլև մշակութային ուսուցողական միջոցառումներ:
Սուսաննան պատմում է յուրաքանչյուր երգի ծագման, բարբառի և պատմության մասին: Խմբի երգերը սիրված են հատկապես երիտասարդ հանդիսատեսի և, ինչպես երգչուհին է նշում, երեխաների կողմից։
Այն հարցին, թե երգացանկից ո՞րն է իր ամենասիրելի երգը, Սուսաննան պատասխանեց, որ դրանք մի քանիսն են՝ կոմիտասյան «Աղջի մարան»-ը, դիարբեքիրյան «Նանայ»-ը և «Շեկ մազերով էր»-ը։
«Ethno colors» խումբը ակտիվորեն մասնակցում է միջազգային փառատոններին։
Հատկապես ջերմ հիշողություններ ունի Ռումինիայից, որտեղ արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս։
Ռումինիայում, Բուխարեստում շնչում, արտաշնչում են հայերենով, հայկական մշակույթով, — պատմում է երգչուհին,- ոչ մի ազգի մոտ չեմ տեսել այդքան սեր հայերի հանդեպ, ինչպես ռումինացիների մոտ։
Սուսաննան առանձնահատուկ սեր ունի ազգայինի հանդեպ։ Դա արտացոլվում է թե իր կատարողական ոճում, թե իր առօրյա կյանքում (հագուստներ, զարդեր)։
Նա կարծում է, որ իր սերը գենետիկ է. «ժամանակի ընթացքում կարող ես սիրել կամ սիրահարվել ազգայինին, բայց երբ ունես հայի գեն, դու հայ ես, ամբողջությամբ քեզ ամեն ինչը արդեն կապում է ազգայինի հետ»:

Նա հաճախ է այցելում Արևմտյան Հայաստան և հատուկ ջերմությամբ է խոսում իր ուղևորությունների մասին, որոնք համեմատում է «պրոֆիլակտիկ դեղահաբերի» հետ:
Հայկական մշակույթի և ազգայինի տարածման համար Սուսաննան կարևորում է ժամանակակից հարթակների օգտագործումը:
Եթե այս պահին մեր սերունդը տիկտոկն է նախընտրում, պետք է ամեն կերպ տիկտոկում տարածել հայկականը, — համոզված է նա:
Նա նաև կարևորում է է հայական դետալներ կրելը տարբեր միջոցառումների, հանդիպումների ժամանակ, հատկապես՝ երկրի սահմաններից դուրս։ Այդպիսով մենք ներկայացնում ենք մեզ և մեր մշակույթը։
Խոսելով իր կյանքի ամենակարևոր և հետաքրքիր փուլերից՝ Սուսաննան առանձնահատուկ հպարտությամբ պատմեց «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության հետ համագործակցության մասին։
Դա իմ կյանքի ամենալավ շրջանն է եղել։ Արցախում և Հայաստանի տարբեր զորամասերում տված համերգները դարձել են իմ կյանքի անջնջելի էջերը։ Թեկուզ մեկ օրով լավ էներգիա տալ զինվորին, շատ կարևոր և պարտավորեցնող էր ինձ համար։ Հիմա էլ հին նկարները նայելիս հուզվում եմ և վերապրում բոլոր հիշողությունները, կարծում եմ՝ հուզվելու պատճառը միայն ուրախությունը չէ։ Այն ժամանակ հոգեբանորեն ավելի ամուր հայրենիքում էինք ապրում։

Խոսելով ստեղծագործական ճգնաժամերի մասին՝ Սուսաննան խոստովանում է, որ դրանք պարբերաբար լինում են, սակայն իր մոտ 10-15 րոպե են տևում։ Այդ ժամանակ նրան օգնության են գալիս ճամփորդությունները, լեռնագնացությունը և ընկերները։
Ապագայի պլանները խոստումնալից են՝ առջևում նոր նախագծեր են՝ ազգային ուրախ երգերի ալբոմի թողարկում, մարզային համերգաշրջան և ԱՄՆ-ում հյուրախաղեր։
Մեր ազգային երգերը շատ-շատ են պահոցներում, ձայնադարաններում, — ասում է Սուսաննան, ով տասը տարի անց էլ իրեն տեսնում է հայկական ավանդական երաժշտության ասպարեզում: