ՀայաստանՄշակույթ

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Մարտի 25-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում հանդիսավորությամբ բացվել է մեծանուն հայ գրող Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Այն տեղադրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության հիման վրա՝ ի նշանավորումն Իսահակյանի 150-ամյակի: Տեղի ընտրությունը պատահական չէր․ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Իսահակյանը ապրել է նշված հասցեում։

«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը: Հուշատախտակում ներկայացված է տեղեկություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին։ Հուշատախտակին ամրացված է Գյումրիի սև տուֆը, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կա նաև QR կոդ, որի միջոցով այցելուները կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Հուշատախտակի բացմանը ներկա են եղել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Լայպցիգի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ և գերմանացի մշակութային գործիչներ ու գրականության սիրահարներ: