ԱշխարհՀայաստանՄշակույթ

ՀՀ կառավարությունը նախատեսում է ֆիլմարտադրության ոլորտում մինչև 35% ներդրումների վերադարձ

Ապրիլի 10-ին կառավարության նիստում քննարկվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ օտարերկրյա ֆիլմարտադրողները Հայաստանում ֆիլմեր նկարահանելու դեպքում որոշակի աջակցություն կստանան կառավարությունից։

Նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը, նպաստել հավելյալ եկամուտների գեներացմանը, ֆիլմարտադրության զարգացմանը։

Կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է, որ կինոլորտում իրականացվում են համատեղ արտադրությամբ կինոնախագծեր, սակայն ոլորտում առկա է պետական աջակցության և մասնավոր ներդրումային միջոցների սղություն, միաժամանակ օտրարերկյա ներդրողների հոսքը հայաստան ևս սակավաթիվ է նպաստավոր պայմանների բացակայության պատճառով։

Նախարարը նաև հավելել է, որ ֆիլմարտադրության ներդրումների վերադարձի նպատակով 2025 թվականի բյուջեում արդեն իսկ միջոցներ նախատեսվել են, հետևաբար, եթե ներկայացվեն համապատասխան ծրագրեր, ապա դրանք կարող են ստանալ փոխհատուցում:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Սեդա Մարտոյան