
Հայաստանի պատմության թանգարանում ամփոփվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսը
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքներն ու ձեռքբերումները։
Ցուցահանդեսը, որն իրականացվել է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ, գործել է ավելի քան 6 ամիս և ունեցել է ավելի քան 55 հազար այցելու։ Այցելուների զգալի մասը կազմել են դպրոցականները, ինչը փաստում է ծրագրի կրթական մեծ ազդեցության մասին։ Բացի այդ՝ ձևավորվել է նոր հուշանվերային տեսականի, հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը, ընթացքում է հայերեն տարբերակի հրատարակումը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ընդգծել է, որ ցուցահանդեսը դրական ազդեցություն է ունեցել թանգարանների հանդեպ հանրության հետաքրքրության վրա։ Այս տարվա առաջին եռամսյակում թանգարաններն ունեցել են 161 հազար այցելու, իսկ երկրորդում՝ արդեն 177 հազար։ Նա հավելել է, որ Բրիտանական թանգարանի հետ այս համագործակցությունը դարձել է հաջողված նախադեպ՝ բացելով նոր հնարավորություններ այլ միջազգային ծրագրերի իրականացման համար։ Նախատեսվում են համագործակցություններ նաև Լուվրի, Բեռլինի թանգարանների, Ֆրանսիայի ազգային պատկերասրահի և այլ մշակութային հաստատությունների հետ։
Նախատեսված է Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը Լուվրի, Բեռլինի թանգարանների հետ, Ազգային պատկերասրահը ցուցահանդես կունենա Ֆրանսիայում, Երվանդ Քոչարի թանգարանը ակտիվ համագործակցում է Փարիզի թանգարանների հետ, Գրականության և արվեստի թանգարանը սարոյանական ցուցահանդեսի է պատրաստվում ԱՄՆ-ում և այլն, — նշել է Ալֆրեդ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Բացի Անահիտ աստվածուհու արձանից՝ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։