ՀայաստանՄշակույթ

Բուխարեստում բացվել է Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում Բուխարեստի Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում բացվել է «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ցուցադրություն։ Միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Ռումինիայի Հայոց միության Մշակույթի կենտրոնի, Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու տեղական թեմի և Բուխարեստի ազգային թատրոնի աջակցությամբ։

Ցուցադրությունը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին հայ կանանց կրած զրկանքներն ու դրսևորած տոկունությունը։ Պատմական լուսանկարներն ու վավերագրական նյութերը ընդգծում են նրանց պայքարը՝ հանուն գոյատևման և արժանապատվության։

Նույն վայրում բացվել է նաև «Ստրունգա՝ հայ որբերի նոր տունը» խորագրով մեկ այլ ցուցադրություն՝ նվիրված ցեղասպանությունից փրկված հայ երեխաների ճակատագրին։

Բացման արարողության ընթացքում ելույթ է ունեցել Բուխարեստի ազգային թատրոնի ներկայացուցիչ Ադրիանա Պոպեսկուն՝ կարևորելով այսպիսի նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ռումինական հասարակությանը ճանաչելու հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերը։

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը իր խոսքում նշել է, որ 1915 թվականը հայ ժողովրդի համար մնաց որպես պատմության ամենաաղետալի շրջաններից մեկը. զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, ավերվել են հոգևոր և մշակութային կենտրոններ, իսկ փրկվածները ցրվել են աշխարհով մեկ՝ հիմնելով հայկական համայնքներ ու եկեղեցիներ ավելի քան 160 երկրում։

Ցուցադրությունը Բուխարեստի Ազգային թատրոնում բաց կլինի մեկ ամիս՝ հասանելի լայն հասարակության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով