ԱրցախՄշակույթ

Ադրբեջանցիները ավերել են Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը

Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին փաստում են արբանյակային լուսանկարների վերլուծությունները։ Գյուղը, որը ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում, դեռ 2021 թվականին արդեն զգալի կերպով ավերվել էր։ 2025 թվականի վերջին արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տները ամբողջությամբ ավերվել են։

Սարգսաշենի ոչնչացումը, մասնագետների գնահատմամբ, մի շարք նմանատիպ դեպքերից մեկն է, որոնք արձանագրվում են Արցախի տարածքում։ Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է համակարգված կերպով վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայության և մշակութային ժառանգության հետքերը։ Թեմային անդրադարձել է նաև Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը:

Նշենք, որ գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ՝ խաչքար (XI-XII դարեր), ջրաղաց (XIX դար), ամրոց-բնակատեղի Ջաղադուզ (մ.թ.ա. III դար), սրբատեղի (մ.թ.ա. XVII դար)։ Ընդհանուր առմամբ՝ հաշվառված է 9 հուշարձան։

Վերջին տարիներին ավերված կամ ավերման ենթարկված բնակավայրերի թվում են Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենեսը, Մարիամաձորը, Ծամձորը, Թաղուտ-Թաղոտը, ինչպես նաև Առաքել համայնքը և դրա կազմում գտնվող Ձորագյուղը։