
Հայաստանի պատմության թանգարանը կհամագործակցի Լուվրի թանգարանի հետ
2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանը կընդունի հերթական միջազգային նշանակության միջոցառումը՝ Ֆրանսիայի Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքը։
Նախարարը հիշեցրեց, որ Պատմության թանգարանում վերջերս ավարտվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը, որը վերջին տարիների ամենաշատ այցելուներ գրանցած ցուցադրությունն էր՝ ավելի քան 55 հազար այցելու։
Սա նոր հարթակ է բացել մեր թանգարանների համար։ Բացի Լուվրի հետ առաջիկա ցուցադրությունից, արդեն իսկ պլանավորված է համագործակցություն նաև Բեռլինի թանգարանի հետ։ Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահը ցուցադրություն կունենա Ֆրանսիայում։ Սա վկայում է, որ ոլորտում սկսված փոփոխությունները բերում են որակական զարգացման, — նշել է նախարարը։
Նշենք, որ ապրիլի 15-ին, Արվեստի համաշխարհային օրը, վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահը՝ նորացված ցուցադրությամբ ու վերանորոգված շենքով։