
Գեղարքունիքում կվերանորոգվի Դդմաշենի Սուրբ Թադևոսի եկեղեցին
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում նախատեսվում է վերանորոգել Սուրբ Թադևոսի եկեղեցին։ Նախաձեռնությունը տեղի բարերարինն է, իսկ աշխատանքները կսկսվեն 2025 թվականին՝ նրա հատկացրած միջոցներով։
Վերանորոգման շրջանակում կվերականգնվեն եկեղեցու ծածկասալերը, շքամուտքերը և քիվերը։ Կվերացվեն նաև այն միջամտությունները, որոնք իրականացվել են ոչ պատշաճ ձևով։ Աշխատանքները կմեկնարկեն 2025 թվականին՝ համապատասխան քարային նյութերի և գույների ընտրությունից հետո։
Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, հետագայում, ի պատիվ Թադևոս Առաքյալի, անվանափոխվել է Սուրբ Թադևոս։
Բացի այդ՝ մասնագիտական խումբ է այցելել Նորատուս գյուղ՝ ծանոթանալու «Յոթ աղբյուր» ամրոցի, եկեղեցու, գյուղատեղու և գերեզմանոցի վիճակին։ Քննարկվել է տարածքում հնագիտական պեղումներ սկսելու հնարավորությունը և դրանց համար անհրաժեշտ ծրագրերի մշակումը։