ԱշխարհՀայաստանՄշակույթ

Պարգը անցավ եզրափակիչ

Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի պատվիրակ Պարգը անցավ եզրափակիչ։ Նա իր SURVIVOR երգով, ելույթ ունեցավ 5-րդ համարի ներքո:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 17-ին։

Երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանից բացի ելույթ ունեցան Ավստրալիան, Մոնտենեգրոն, Իռլանդիան, Լատվիան, Ավստրիան, Հունաստանը, Լիտվան, Մալթան, Վրաստանը, Դանիան, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Սերբիան, Ֆինլանդիան, ինչպես նաև «Մեծ հնգյակ»-ի անդամներ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ «Մեծ հնգյակ»-ի երկրներն առանց քվեարկության են անցնում եզրափակիչ փուլ, քանի որ մրցույթի հիմնադիրներից են:

Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակչի ուղեգիր նվաճեցին Լիտվան, Իսրայելը, Հայաստանը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան, Հունաստանը։

Առաջին կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգիր են ստացել Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան, Ուկրաինան: Ի դեպ, Ադրբեջանը դուրս է մնացել հենց առաջին կիսաեզրափակչից։

«Survivor» երգը խոսում է տոկունության, ինքնահաստատման և ներքին ուժի մասին։ Այն ներկայացնում է պայքարը դժվարությունների դեմ և կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաև հայերեն տող՝ «Լույսը հոգումս վառվող ոչ ոք մարել չի կարող», որը ընդգծում է ազգային հպարտությունն ու ինքնությունը։