
Ստեփանակերտում ավիրվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Ստեփանակերտում ավիրվել է Երկրորդ համաշխարհային պատեազմի շրջանի անվանի զինվորական գործիչ, մարշալ Հովհաննես Բաղրամյանին նվիրված հուշարձանը։ Այդ մասին իմանում ենք ադրբեջանցիների կողմից սոցիալական տարբեր հարթակներում տեղադրված տեսանյութերից։
Հուշարձանն ամբողջությամբ հեռացվել է տեղանքից՝ առանց հետք թողնելու։ Մինչ այդ արձանը ենթարկվել էր վանդալիզմի. վնասվել էր քիթը, իսկ հայերեն հուշագրությունները ոչնչացվել էին։
Արձանը գտնվում էր Ստեփանակերտի՝ Հովհաննես Բաղրամյանի անունը կրող փողոցում։ Մինչ արձանի ոչնչացումը, ադրբեջանցիները մարշալի հայրական տանը՝ Չարդախլուում գտնվող Ռազմական փառքի թանգարանն էլ դարձրել էին թեյարան։