ԱրցախՄշակույթ

Արցախի Մարտունու շրջանում ոչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը

Ադրբեջանի Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը մայիսի 17-ին իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղեկացնում է Արցախի Մարտունու շրջանում գտնվող ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանի ոչնչացման մասին։ Տեսանյութում Հուսեյնովը Գարեգին Նժդեհին ներկայացնում է որպես ֆաշիստ և հուշարձանի ոչնչացումը՝ որպես հերոսական գործողություն։ Այս մասին իմանում ենք Monumentwatch կայքի համապատասխան հրապարակումից։

Հուսեյնովը իր հրապարակման մեջ անդրադարձել է նաև ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի ոչնչացման փաստին։

Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի հուշարձանը քանդակվել էր քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից և տեղադրվել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Մարտունի քաղաքում։

2021 թվականի փետրվարին լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկար, որը, ամենայն հավանականությամբ, նկրահանվել էր արձանի տեղադրման պահին, որտեղ կառուցված էր միայն պատվանդանը, իսկ բուն հուշարձանը դեռ տեղադրված չէր։ Նժդեհի հուշարձանի շուրջ աղմուկը սոցիալական մեդիադաշտում բարձրանում է այն բանից հետո, երբ Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում հայտարարում է, թե «ադրբեջանցիները` թուրքերի ու ռուսների համաձայնությամբ և դրդմամբ, հասել են նրան, որ Գարեգին Նժդեհի արձանը պիտի ապամոնտաժվի»։ Սակայն լուրերը արագ հերքվեցին։

Հուշարձանի ոչնչացումը միջազգային մի շարք իրավունքների խախտում է։ Սակայն Ադրբեջանի՝ հուշարձանների ոչնչացման քաղաքականությունը շարունակվու է և դեռևս անպատիժ է մնում։