ՀայաստանՄշակույթ

Ծիծեռնակաբերդում տեղադրվեց ծովակալ Դյու Ֆուրնեի հուշատախտակը

Այսօր՝ մայիսի 26-ին, Ծիծեռնակաբերդում տեղադրվեց հուշատախտակ Մուսա լեռան հայերին փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին։

Նա 1915 թվականին փրկել է Մուսա լեռան պաշտպանության ժամանակ հերոսաբար դիմադրող ավելի քան 4000 հայերի։ Հուշատախտակի հետ միասին հուշահամալիրին փոխանցվեց նաև նրա գերեզմանից բերված հողը՝ որպես պատմական հիշողության և երախտագիտության խորքային նշան։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայից ժամանած պատվիրակներ, ինչպես նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, ով հանդես եկավ ելույթի խոսքով։

Ֆրանսիայի զինուժի երրորդ նավատորմի հրամանատար դյու Ֆուրնեն, չսպասելով վերադաս հրամանին, հրամայեց, որ ֆրանսիական նավերը դուրս բերեն շրջափակման մեջ գտնվող մոտ 4080 հայի և տեղափոխեն Եգիպտոսի Պորտ Սայիդ։ Այդ օրերին նա ասել է մի խոսք, որը հիշատակվեց նաև այսօր։

Միջոցառման ավարտին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին ծովակալ Դյու Ֆուրնեի հիշատակին՝ տեղադրելով ծաղիկներ նոր հուշատախտակի մոտ և լռության րոպեով հիշելով Մուսա լեռան հերոսական պաշտպաններին։

Սեդա Մարտոյան