
«Երևանի Գինու Օրեր 2025». ի՞նչ է սպասվում այս տարի
«Երևանի Գինու Օրեր» փառատոնը դարձել է Հայաստանի ամենասպասված և մասշտաբային գինեգործական ու մշակութային միջոցառումներից մեկը։
Այս տարի՝ փառատոնը տեղի է ունենալու հունիսի 6-ին, 7-ին և 8-ին։
Փառատոնը կազմակերպվում է «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման գործակալության կողմից և արդեն 9-րդ անգամ է անցկացվում։ Այն տեղի կունենա Երևանի կենտրոնական փողոցներում՝ Թումանյան, Մոսկովյան և Սարյան, և կմիավորի հարյուրավոր գինեգործների, ռեստորանների, երաժիշտների և հազարավոր այցելուների։
«Ավիատուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը նշում է, որ գինու փառատոնը բացի տուրիստական զարգացումը խթանելուց ապահովում է նաև տնտեսական շրջանառությունը։
2024 թվականին բոլոր ներգրավված 250 ընկերությունները 2,2 միլիոն դոլարի շրջանառություն են իրականացրել։ Այսինքն՝ բացի զվարճանք և ուրախություն տալը, գինու օրերը մեծ տնտեսական աճ է ապահովում,-նշում է նա։
Այս տարի ավելի շատ են լինելու ժամանցային արվեստին վերաբերող նախագծերը, որտեղ մարդիկ բացի գինին վայելուց, կարող են տաղավարներում ծանոթանալ արվեստի հետ, շրջել գինու թանգարանում, տեղում վարպետաց դասեր անցնել և այլն։
Այս տարի գինու համտեսի հետ միասին լինելու են սննդի, ջրի տաղավարներ։
Սննդի գոտում կգործեն շուրջ 30 տաղավարներ, որոնք կառաջարկեն հայկական և միջազգային ուտեստներ։ Երաժշտության գոտում կներկայացվեն կենդանի համերգներ և DJ-սեթեր:
Հիշեցնենք, որ 2024 թվականին փառատոնը ունեցել է ավելի քան 120,000 այցելու, որոնցից մոտ 25,000-ը զբոսաշրջիկներ էին։ Տնտեսական ազդեցությունը գնահատվել է շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլար։