
Ադրբեջանցիները կրկին ավերել են արցախյան գյուղերից մեկում գտնվող հուշարձաններից մեկը
Ադրբեջանցիները ավերել են Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանը։ Սրա մասին հաղորդել է Monument Watch կայքը։
Վերջին շրջանում, հատկապես մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակի նախօրեին և դրանից հետո, նման հուշարձանների հսկայական քանակությամբ ոչնչացման դեպքերը զգալիորեն ավելացել են։ Արցախում արդեն վնասվել կամ ավերվել են մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ Շուշիի համալիրը, Հադրութի ու Հակակու գյուղերի զոհվածների հուշակոթողները, ինչպես նաև Գետավանի հուշակոթողը, Ազատամարտիկների միության շենքը և Ուխտաձոր գյուղի խաչքարը։
Ավելի մեծ վնասներ են հասցվել հայ հերոսներին նվիրված հուշարձաններին. Մեծ Թաղեր գյուղում հրկիզվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, Ստեփանակերտում՝ Խորհրդային Միության նավատորմի հայ ծովակալ Իվան Իսակովի արձանը, Մարտունու շրջանում գտնվող ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը և այլն։
Այս գործողությունները խախտում են 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և 1999-ի լրացուցիչ արձանագրության պահանջները, որոնք պաշտպանում են մշակութային արժեքները զինված հակամարտությունների ժամանակ։ Նաև կտրականապես հակասում են Միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան կանոններին։ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային ժառանգության պաշտպանության նորմերը միջազգային սովորութային իրավունք են և պարտադիր են բոլոր պետությունների համար, այդ թվում՝ օկուպացված տարածքներում։
Հիշեցնենք, որ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի Գլխավոր կոնֆերանսի կողմից ընդունված է «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը», որը արգելում է նման գործողությունները։