
Երևանում և մարզերում կմեկնարկեն Եվրոպական հնագիտության օրերը․ քաղաքացիները կարող են ծանոթանալ հնագիտության գաղտնիքներին
Հունիսի 13-15-ը Հայաստանը կմիանա Եվրոպական հնագիտության օրերին՝ առաջարկելով կրթական ու ճանաչողական միջոցառումների լայն ծրագիր։
Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում և թանգարաններում։ Նախաձեռնությանը մասնակցում են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, մի շարք թանգարաններ ու արգելոցներ, այդ թվում՝ Էրեբունին, Երևանի պատմության թանգարանը, Գեղարքունիքի, Լոռի-Փամբակի, Դիլիջանի ու Շիրակի երկրագիտական թանգարանները։
Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքի այցելուների համար։ Ծրագրում ընդգրկված են բաց դռների օրեր, այցելություններ պեղավայրեր ու վերականգնման կենտրոններ, հանդիպումներ հնագետների հետ, պեղումների ցուցադրություններ, ճանաչողական քայլարշավներ և մասնակցություն հնագիտական գտածոների վերականգնման աշխատանքներին։
Հայաստանը այս նախաձեռնությանը մասնակցում է արդեն երրորդ տարին։