
Հնագետները նոր բացահայտումներ են որոնում Արագածոտնի մարզում
Արագածոտնի մարզի մի շարք պատմական վայրերում այս օրերին ակտիվ հնագիտական պեղումներ են ընթանում։ Ագարակ գյուղում պեղումներ են կատարվում Սուրբ Աստվածածին վաղքրիստոնեական եկեղեցու տարածքում։ Հնագետները նպատակ ունեն նոր բեկորների հայտնաբերման միջոցով լրացնել եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ գիտական փաստաթղթերը։
Միաժամանակ, հայ-իտալական համագործակցությամբ պեղումներ են իրականացվում Արուճի ամրոցում, ինչպես նաև Շամիրամի ամրոցում և հարակից դամբարանադաշտում։ Արուճում մասնագետները քննարկում են պեղված հատվածների և ամրոցի հրատապ ամրակայման հարցերը։ Հետազոտական աշխատանքներ են տարվում նաև Արուճի տաճարում՝ ուսումնասիրելով գմբեթի տեխնիկական վիճակը և վերականգնման հնարավորությունը։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պեղումները միտված են ոչ միայն պատմամշակութային արժեքների բացահայտմանը, այլև դրանց պահպանման և վերականգնման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։ Աշխատանքներին հետևում են ԿԳՄՍ նախարարության, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներ։