
Հայաստանի մշակույթը Եվրոպայում․ ազգային զգեստների ցուցահանդես Եվրոպայի խորհրդում
Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի շենքում, հունիսի 23–27-ը տեղի է ունենում բացառիկ ցուցահանդես՝ նվիրված հայկական ազգային զգեստներին։ «Անցյալի ապագան․ հայկական ազգային զգեստ» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակում։
Ցուցահանդեսի բացման ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ընդգծեց մշակութային ժառանգության պահպանումն ու արդիականացումը։ Նրա խոսքով՝ մշակութային ժառանգությունը միայն անցյալի հետ կապ չէ, այլ վստահություն, որ այդ ձայները շարունակում են ոգեշնչել ապագան։
Նա հավելեց, որ բազմամշակութային Եվրոպայում յուրաքանչյուր պատմություն ու ավանդույթ ունեն իրենց կարեւոր դերը։ Ցուցահանդեսում ներկայացված են Տերյան մշակութային կենտրոնի հավաքածուից ընտրված հայկական տարազներ՝ տարբեր պատմական շրջաններից և գավառներից։ Որոշ տարազներ ստեղծվել են պատմական նախատիպերի հիման վրա, իսկ իրական օրինակները պահվում են Հայաստանի պատմության թանգարանում։
Ներկայացված զգեստների միջոցով ցուցադրությունը բացահայտում է հայկական մշակութային ինքնության խորը շերտերը։ Ցուցահանդեսի առանձնահատկություններից է նաև հատուկ լուսանկարչական խցիկը, որտեղ այցելուները կարող են հագնել հայկական տարազներ և լուսանկարվել հայկական ճարտարապետական հուշարձանները պատկերող եռակողմ ֆոնին։
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպացի պատգամավորների և դիվանագետների շրջանում։ Այն արժանացել է բարձր գնահատականի՝ որպես մշակութային դիվանագիտության արդյունավետ ձևաչափ, որը ներկայացնում է Հայաստանը ոչ միայն որպես կոնֆլիկտային գոտի, այլ որպես հնագույն մշակույթի կրող և տարածող պետություն։