
Իշխանության և եկեղեցու սրացվող հակադրության լուծումը Փաշինյանը 2018 թվականի օրինակով է ուզում լուծել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին ամիսներին ծավալված հակասական գործընթացներին։ Վարչապետը պնդեց՝ այն, ինչ անում է իշխանությունը, ոչ թե հակաեկեղեցական արշավ է, այլ՝ փորձ՝ փրկելու եկեղեցին ներսից քայքայման ու փլուզման վտանգից։
Մենք չենք գործում եկեղեցու դեմ։ Մենք գործում ենք հանուն եկեղեցու։ Ես ինքս և իմ ընտանիքը մեր եկեղեցին համարում ենք սրբություն, – ասաց վարչապետը՝ նշելով, որ իրական վտանգը հենց եկեղեցու ներսում է, և լռել ու անտարբեր մնալ՝ կնշանակի թողնել այն կործանման ճանապարհին։
Վարչապետի խոսքում զգացվում էր ուղիղ հակադարձում ընդդիմադիր այն դիրքորոշումներին, թե իշխանությունը հարվածում է ազգային միասնության գլխավոր հիմնասյուներից մեկին։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը իսկապես հավատացյալ է, ապա չի կարող աչք փակել այն խնդիրների վրա, որոնք կուտակվել են եկեղեցում։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում եկեղեցու վերափոխման գործընթացը, Փաշինյանը հղում արեց 2018 թվականի իր հեղափոխությանը.
Այնպես, ինչպես ազատեցինք երկիրը Սերժ Սարգսյանից։ Այդպես էլ պետք է ազատենք վեհարանը որոշ մարդկանցից, ովքեր վեր են դասում անձնական շահերը հավատից, – նշեց նա։
Փաշինյանը նաև պատասխանեց այն հայտարարություններին, թե իր գործողությունների համար Աստված իրեն «կնզովի»։ Վարչապետն առաջարկեց կարդալ Աստվածաշնչի 118-րդ սաղմոսը, որը կոչվում է «Աղոթք՝ հասկանալու Տիրոջ իմաստնությունը»։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսի 29-ին էր սկսել բարձրաձայն խոսել եկեղեցու՝ հատկապես վեհարանի խնդիրների մասին։ Նա հայտարարել էր՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրության ուխտը, ապա նա իրավունք չունի մնալ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնում։
Եկեղեցին իր կողմից արձագանքեց խիստ բառերով։ Գարեգին Բ-ն հայտարարեց, որ տեղի ունեցողը իշխանության կողմից սանձազերծված արշավ է՝ ուղղված ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ պետության հիմքերի դեմ։