ՀայաստանՄշակույթ

Տավուշի սահմանին գտնվող եկեղեցիներ կվերականգնվեն

Տավուշի մարզում ընթանում են պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներ։ Մասնավորապես, Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են խոշորաչափ քիվերի տեղադրման և զանգակատան վերականգնման աշխատանքները, Սրվեղ վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) իրականացվում են կարալցման աշխատանքներ:

Հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպությունների հետ տեղում քննարկվել են մասնագիտական լուծումների և մոտեցումների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ եկեղեցու վերականգնման համար ոչ ստանդարտ չափի աղյուսների՝ արտերկրից ներկրման հնարավորությունը:

Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցում ապամոնտաժվել են ավելի վաղ վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումներ։ Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։