
Սիսիանում կանցկացվի «Նավասարդ» խոհարարական և մշակութային փառատոնը
Օգոստոսի 10-ին Սիսիանում կմեկնարկի «Նավասարդ» մշակութային և խոհարարական փառատոնը, որն արդեն չորրորդ տարին է ինչ միավորում է հայկական և իրանական մշակույթը։ Միջոցառումն իր բովանդակությամբ ու ծավալով դարձել է սահմանային մշակութային համագործակցության կարևոր հարթակ՝ միավորելով խոհանոցը, արվեստը և ավանդույթները։
Փառատոնը կմեկնարկի ժամը 16:00-ին և կտևի ողջ օրը։ Նախատեսվում է ավելի քան 100 տաղավար, որոնցում կցուցադրվեն ինչպես հայկական, այնպես էլ իրանական խոհանոցի ու մշակույթի յուրօրինակ նմուշները։ Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու նաև թեմատիկ միջոցառումների, համտեսների, ազգային երգ ու պարով համեմված ներկայացումների։
Միջոցառման առանցքային բաղադրիչներից է խոհարարական մրցույթը, որն անցկացվելու է «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն գաղափար» անվանակարգերում։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշում է, որ մրցույթն ուղղված է ոչ միայն խոհարարական արվեստի խթանմանը, այլև մշակութային երկխոսության ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են նաև ազգերի միջև փոխհամաձայնության ձևավորմանը՝ մշակույթի լեզվով։
Փառատոնի խորհրդանշական ու հիմնական կերակրատեսակն է հարիսան, որն ըստ ավանդույթի մատուցվում է տոնի ընթացքում։ Առանձնահատուկ տեղ ունի նաև մշոշը՝ ոսպով պատրաստված ավանդական կերակուրը։ Նավասարդը, որպես տոն, կապվում է հացահատիկի, մասնավորապես ցորենի մշակույթի և բերքի առաջին բերքահավաքի ավանդույթների հետ։
Նշենք, որ իրանական կողմը ոչ միայն մասնակցում է փառատոնին, այլև ակտիվ դերակատարում ունի դրա կազմակերպչական փուլերում։ Սա իր անդրադարձն է ունեցել նաև զբոսաշրջային հոսքերի վրա. 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 77,000 իրանցի զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 69,000-ի փոխարեն։