
Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով հայ-վրացական սահմանին հերթեր են
Արդեն երրորդ օրն է, ինչ հայ-վրացական սահմանը՝ հատկապես «Սադախլո» անցակետը, գործում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Սահմանային անցումը դեպի Հայաստան ուղեկցվում է հսկայական հերթերով ու երկարատև սպասումով։ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը՝ իր համաշխարհային շրջագայության շրջանակում։ Երգչուհու համերգը կայանալու է այսօր երեկոյան՝ օգոստոսի 3-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։
Համերգը ոչ միայն մշակութային մեծ իրադարձություն է, այլև լուրջ տուրիստական շարժի պատճառ։ Լոպեսի երկրպագուները Հայաստան են գալիս Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից՝ հիմնականում ցամաքային ճանապարհով։ Ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններից հայտնում են, որ վերջին օրերին ուղևորահոսքը կտրուկ աճել է․
Երևանի հյուրանոցներն ու հյուրատները գրեթե ամբողջությամբ զբաղված են․ ազատ տեղ գտնելն այս օրերին դարձել է անհնարին։ Հայաստանի մուտքի հիմնական ցամաքային ճանապարհը՝ վրացական «Սադախլո»-ից, թերևս երբեք այսքան մարդաշատ չի եղել մշակութային միջոցառման պատճառով։
Լոպեսի համերգը խոստանում է դառնալ ոչ միայն տարվա, այլև ողջ տասնամյակի ամենահիշարժան երաժշտական իրադարձություններից մեկը Հայաստանում։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում սահմանին, լավագույնս վկայում է՝ Լոպեսի այցելությունը վերածվել է մշակութային ու տուրիստական բումի։