ԱրցախՄշակույթ

Ադրբեջանում քննարկում են քանդել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը

Երբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում քանդեցին Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, շատերն այդ քայլը համարեցին ուղղված ոչ միայն հիշողության, այլև մշակույթի դեմ։ Բայց դա միայն սկիզբն էր։ Այժմ Ադրբեջանում ավելի մեծ քայլի են պատրաստվում․ թիրախում Արցախը խորհրդանշող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանն է, որին մենք անվանում ենք «Դեդո-Բաբոյի արձան»։

Ադրբեջանական մամուլում ու իշխանամետ շրջանակներում սկսվել է բաց քարոզ՝ քանդելու Արցախյան հայկական ինքնության այս խորհրդանիշը։ Ադրբեջանցի պաշտոնյաները բառացիորեն առաջարկում են ոչնչացնել խորհրդային տարիներին կանգնեցված բոլոր հայկական հուշարձանները, այդ թվում՝ «Տատիկ-պապիկին», քանի որ, ըստ նրանց, դրանք հիշեցնում են «անջատողականության պատճառած վերքերը»։ Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը նույնիսկ առաջարկել է այդ տարածքում կառուցել ադրբեջանցի զինվորի հուշարձան՝ ամբողջությամբ ջնջելով հայկական ներկայության նշանները։ Մյուսը պահանջում է հայկական մշակութային բոլոր հետքերի հեռացում՝ պնդելով, թե դրանք «տգեղ պատկերներ» են, որոնք պետք է վերացվեն։

2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական տելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը։ Դրանցում երևում էր, որ հուշարձանի հետնամասում ադրբեջանցիների կողմից բազմաթիվ գրառումներ կան։ Սակայն, պետք է իմանալ, որ հուշարձանի հետ կատարված վանդալիզմի և պղծման գործողություններն արգելված են Հաագայի 1954 թ. Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածով։

Եվրոպայի խորհրդի «Ճարտարապետական ժառանգության մասին» կոնվենցիան, որին 2010 թվականից անդամակցում է նաև Ադրբեջանը՝ պարտավորեցնում է պաշտպանել ու պահպանել աշխարհի ճարտարապետական ժառանգությունը։ Հայկական հուշարձանների պղծումն արգելել է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն իր  2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ

Իսկ 2024 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի  հաշվետվությունը»  իր 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։