
Ի՞նչ ստացավ Հայաստանը համաշխարհային աստղի համերգից
Երևանը մի քանի օրով դարձավ միջազգային երաժշտական քարտեզի կիզակետ՝ հյուրընկալելով Ջենիֆեր Լոպեսին։ Համաշխարհային աստղի առաջին այցը Հայաստան ոչ միայն մշակութային իրադարձություն էր, այլ նաև լուրջ տնտեսական ու իմիջային նախաձեռնություն։ Բայց ինչի՞ հաշվին և ի՞նչ նպատակով։
Doping Space ընկերության հիմնադիր Հայկ Սիմոնյանը, որը գլխավորում էր համերգի կազմակերպչական աշխատանքները, վստահ է՝ սա մինչ այժմ Հայաստանում իրականացված ամենամեծ կոմերցիոն համերգն էր։ Նրա համար նման միջոցառումները կարող են մեծապես փոխել երկրի միջազգային ընկալումը. ոչ միայն որպես հետաքրքիր ուղղություն զբոսաշրջիկների համար, այլ նաև՝ որպես պրոֆեսիոնալ կազմակերպիչ հարթակ։
Ամենաքննարկվող թիվը 6 միլիոն դոլարն էր։ Ըստ Սիմոնյանի՝ սա ոչ թե ուղղակի նվիրատվություն էր արտիստին, այլ՝ բարդ կառուցվածքով ներդրումային ծրագիր։ Նրա խոսքով՝ այդ գումարից մի մասն արդեն վերադարձել է պետբյուջե՝ հարկերի տեսքով։ Օրինակ, ավելացված արժեքի հարկով՝ շուրջ 1 մլն դոլար, ինչպես նաև հոնորարից՝ մոտ 25% շահութահարկ։
Պետք չէ գումարի մեծությունը տեսնել որպես ռիսկ։ Հակառակը՝ եթե այդ ծախսը վերադարձնում է իրեն, ավելին՝ բերում եկամուտ, արդեն խոսում ենք շահավետ ծրագրի մասին։ Պետք է նայենք ոչ թե գնին, այլ դրա ազդեցությանը, — ընդգծում է նա։
Չմոռանանք համերգին նախորդած իրադարձությունները։ 2023-ի սեպտեմբերին չեղարկվել էր աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը՝ Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով։ Այդ չեղարկումը վտանգում էր Հայաստանի՝ որպես համաշխարհային աստղերին հյուրընկալող երկրի հեղինակությունը։ Սիմոնյանը վստահ է՝ Լոպեսի համերգը ոչ միայն հաջողվեց կազմակերպել, այլև վերականգնեց վստահությունը։
Համերգի իրական ազդեցությունը շուտով զգացին հյուրանոցները, ռեստորանները, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները։ Հոսքը մեծ էր հատկապես հարևան Վրաստանից։ Եթե նախկինում հայերը գնում էին Վրաստան՝ համերգների, այս անգամ եղավ հակառակը։ Կազմակերպիչներն ասում են՝ պետությունը չէր կարող չաջակցել։ Համերգից օգուտ ստացող ամենամեծ կողմը հենց պետությունն է։ Իսկ աջակցությունը պայմանավորված էր հստակ մեխանիզմով՝ ծախսվող գումարի չափով բանկային երաշխիք։
Այո, մեծ համերգներ կազմակերպելը թանկ է։ Բայց երբ դրա արդյունքում երկիրն ամրապնդում է իր միջազգային դիրքը, բերում է զբոսաշրջիկների, ստեղծում է աշխատատեղեր, սննդի ու սպասարկման ոլորտում աշխուժություն՝ գինը վերածվում է ներդրման։