
Երևանում սեպտեմբերի 5-7-ը կանցկացվի Գրքի միջազգային 8-րդ փառատոնը
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 5-7-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնը։ Երեք օր շարունակ քաղաքը կդառնա գրքի ու գրականության տոն՝ գրքի տոնավաճառով, գրական հանդիպումներով, քննարկումներով ու մշակութային միջոցառումներով։
Միջոցառումները կանցկացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։ Մասնակցելու են ավելի քան 50 հրատարակչություններ, գրախանութներ, թանգարաններ ու գրադարաններ, որոնք այցելուներին առաջարկելու են գրքերի լայն ընտրանի՝ բացառիկ զեղչերով։
Փառատոնի բացումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային պատկերասրահի դիմաց։ Երեք օրերին նախատեսված են գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և օտարերկրյա գրողների հետ Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Նիդեռլանդներից, Վրաստանից և Իրանից, ինչպես նաև պոեզիայի ընթերցումներ, վարպետության դասեր, քննարկումներ, պերֆորմանսներ ու փիթչինգներ։
Այս տարի առաջին անգամ Սարոյան հիմնադրամի հետ համագործակցությամբ կտրվի Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակը։ Այն միտված է գնահատելու անգլերեն գրված կամ թարգմանված կարճ արձակը։ Մրցույթին դիմել է 108 ստեղծագործող՝ 25 երկրից, ինչը մրցանակը դարձնում է միջազգային նշանակության գրական իրադարձություն։
Բացի այդ, փառատոնի գրական մրցույթին այս տարի դիմել է 361 ստեղծագործող։ Հաստատվել է 212 հայտ՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։
Փակման արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Այդ օրը կհայտարարվեն ինչպես Սարոյանի մրցանակի, այնպես էլ գրական մրցույթի հաղթողները։
Բոլոր միջոցառումներին մուտքն ազատ է։