
Սևդալիզան այլևս չի երգի Երևանում․ ի՞նչ եղավ «Կոկա-Կոլա Ֆեստի» շուրջ ստեղծված աղմուկը
Օգոստոսի 30-ին Երևանում նախատեսված «Կոկա-Կոլա Ֆեստը» առանց գլխավոր հրավիրյալ արտիստի է անցկացվելու։ Կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են, որ իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան հանդես չի գալու։
Տեղեկացնում ենք, որ Սևդալիզան ելույթ չի ունենալու։ Շուտով կհայտնենք նոր արտիստների անունները։ Գնված տոմսերը հնարավոր է վերադարձնել, – ասված է փառատոնի հաղորդագրության մեջ։
Սևդալիզայի մասնակցության լուրը նախապես մեծ քննարկումների պատճառ էր դարձել սոցցանցերում։ Վերջինիս «Մեսիա» երգի տեսահոլովակը բողոքի ալիք բարձրացրեց՝ պատճառ դառնալով դժգոհությունների ու բոյկոտի կոչերի։ Տեսահոլովակում օգտագործված կրոնական խորհրդանիշների ներկայացումը շատերը մեկնաբանեցին որպես քրիստոնեական արժեքների ծաղր։
Հատկապես հակասական ընդունվեց այն, որ երգչուհին տեսարաններից մեկում խաչի տեսքով անկողնու վրա է, մեկ այլ դրվագում՝ խնկաման հիշեցնող հարթակի վրա, իսկ վերջում բեմադրված է «Խորհրդավոր ընթրիքը», որտեղ նա ներկայացված է Մարիամ Մագդաղենացու կերպարում։ Բողոքող օգտատերերը հայտարարում էին, որ ոչ միայն կբոյկոտեն փառատոնը, այլև կդադարեցնեն «Կոկա-Կոլայի» արտադրանքի սպառումը, եթե երգչուհու ելույթը չչեղարկվի։
Հիշեցնենք, որ Սևդալիզան ծնվել է Թեհրանում, սակայն հինգ տարեկանից ընտանիքի հետ բնակվում է Նիդեռլանդներում։ Նա երաժշտական աշխարհում հայտնի է իր բազմաժանր ստեղծագործություններով՝ էլեկտրոնիկայից մինչև ռեգգետոն։ Այսպիսով, կազմակերպիչների վերջին հայտարարությամբ վիճահարույց արտիստի մասնակցությունը հանվել է օրակարգից, և այժմ սպասվում է, թե ովքեր են փոխարինելու նրան փառատոնի բեմում։