ՀայաստանՄշակույթ

Որքա՞ն գումար է տրամադրվել Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար

Օրերս քննարկման թեմա դարձավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընթացող հիմնանորոգման երկրորդ փուլը։ Մոտ երկու ամիս է, ինչ նորոգվում են Հավերժության տաճարի թեք մույթերը և վարչական մասնաշենքի տանիքը։ Այսօր՝ օգոստոսի 27-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար հատկացվել է 800 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ վերանորոգման աշխատանքների ընթացքում թանգարանը և հուշահամալիրը բաց են այցելուների ու պաշտոնական պատվիրակությունների համար։ Նախնական փուլում առաջնահերթ ուշադրություն է դարձվել առաջին երկու մույթերի վերականգնմանը։

Նախորդ տարվա առաջին փուլում բարելավվել էին հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգերը, մասնավորապես՝ Եղևնիների պուրակում տեղադրվել է կաթիլային ոռոգում։

Հիմնանորոգման ճարտարապետական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով համահեղինակ է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի։