
«Ծիրանի ծառ» 11-րդ փառատոնն առաջին անգամ կանցկացվի Լոռու մարզի Դսեղ և Դեբետ գյուղերում
Այս տարի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 11-րդ փառատոնը առաջին անգամ կանցկացվի Լոռու մարզի Դսեղ և Դեբետ գյուղերում՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 6-ը: Փառատոնը յուրահատուկ կլինի երեք նոր աշխատարանների շնորհիվ՝ պատանիների կինոդպրոց, սկսնակ ռեժիսորների աշխատարան և կոլաժի արվեստի դպրոց։
Դեբետ և Դսեղ գյուղերի 8-16 տարեկան երեխաները կսովորեն ֆիլմ նկարահանել։ Աշխատանքների ընթացքին կմասնակցի նաև իտալացի կինոռեժիսոր և մանկավարժ Մարտա Վիոլանտեն, որի ղեկավարությամբ երեխաների ստեղծած ֆիլմերը կցուցադրվեն փառատոնի փակման արարողության ժամանակ։
Այս տարի Հայաստանի և ԵՄ-ից ընտրված 8 երիտասարդ ռեժիսորները միասին կստեղծեն երկու ֆիլմ՝ հայկական Դեբետ գյուղի ու մշակութային միջավայրի մասին։ Աշխատարանի ղեկավարը Զլատինա Ռուսևան է։ Վիետնամցի լուսանկարիչ, ռեժիսոր Տուան Նգույենը կներկայացնի կոլաժի ստեղծման մեթոդները, որոնց արդյունքները ևս կցուցադրվեն փառատոնի վերջում։
Ժյուրիի կազմում են ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը, վավերագրական կինոռեժիսոր Հադի Աֆարիդեն և թատերագետ Յան-Թագե Քյուհլինգը: Փառատոնին կներկայացվեն 24 երկրներից ընտրված 30 ֆիլմ, որոնք կպատմեն թեմատիկորեն տարբեր, հաճախ նաև շոկային պատմություններ՝ դասական վավերագրականից մինչև արհեստական բանականության, արխիվային նյութերի և փորձարարական մոտեցումների: Հայաստանից կներկայացվեն, օրինակ, Հարություն Խաչատրյանի «Վերադարձ Ավետյաց երկիր» ֆիլմը, «Չորեքշաբթի 5:30»-ը Մեսրոպ Մեսրոպյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Էդուարդ Խարազյանի «Կտավը»։
Կազմակերպիչների խոսքով, գլխավոր նպատակն է ոչ միայն ցուցադրել վավերագրական արվեստը, այլև ստեղծել համագործակցության հարթակ, որը հետագայում նոր ֆիլմերի և նախագծերի հիմք կդառնա։ Ներկա պահին փառատոնը դեռ չունի խոշոր հովանավորներ, ինչը որոշ գաղափարների իրականացման համար դժվարություն է ստեղծում: