ՀայաստանՄշակույթ

«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին

Օգոստոսի 30-ին Երևանի սրտում՝ Կասկադի Գաֆէսճեան քանդակների պարտեզում, կկայանա հայկական ազգային երգ ու պարի ամենամյա «Գութան» փառատոնը։ Միջոցառումը բացօթյա է, անվճար և հասանելի բոլոր ցանկացողների համար։

Այս տարի փառատոնը նվիրված է ազգային երգի ու պարի մեծ գործիչ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Բեմ կբարձրանա ավելի քան 20 խումբ՝ շուրջ 500 արտիստներով։ Հատուկ հրավերով Հայաստան է ժամանում նաև Ռոստովում գործող «Զարկ» խումբը։

Մասնակիցների թվում են «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Վերադարձ», «Տարոնցիներ», «Սեբաստացիներ», «Նաիրի» և այլ հայտնի խմբեր։

«Գութան»-ի նպատակն է պահպանել ու տարածել հայկական ավանդական երգերն ու պարերը, դրանք փոխանցել երիտասարդներին և հասանելի դարձնել նաև օտարերկրյա զբոսաշրջիկներին։

Փառատոնի ավանդույթներից են նաև «ՆախաԳութան» ինտերակտիվ համերգները, որոնք անց են կացվում Երևանի տարբեր համայնքներում՝ հայկական մշակույթը հասցնելով ամեն անկյուն։

Սեդա Մարտոյան