
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրենը պահանջում է դադարեցնել Ծիծեռնակաբերդի «ավերման» աշխատանքները
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը կոչ է արել կանգնեցնել Ծիծեռնակաբերդում իրականացվող շինարարական աշխատանքները և խզել շինընկերության հետ պայմանագիրը։ Օգոստոսի 29-ին Ծիծեռնակաբերդի մոտ բողոքի ակցիա է իրականացվել, որի ժամանակ դիտարկվել է Հայոց ցեղասպանության կոթողի ներկայիս վիճակը։
Դեմոյանը նշում է, որ վերականգնողական աշխատանքներին իրենք դեմ չեն և նմանատիպ աշխատանքներ միշտ էլ իրականացվում են։ Սակայն ննա նշել է, որ վերանորոգման աշխատանքները այս անգամ տեղի են ունենում անփութության և անպաասխանատու գործելաոճի պայմաններում, ինչի արդյունքում վնասներ է հասցվում նաև հուշարձանին։ Լուսանկարներում պարզ երևում է, որ սյուների արտաքին տեսքը փոխվել է։ Բացի այդ՝ հուշակոթողից պոկված քարերը ընկել են դեպի համալիր իջնող աստիճանների վրա և նոր վնասներ առաջացրել։
Մենք տեսանք ներքին՝ առնվազն 5-6 քարի հետ կապված խնդիր, որը ջրի ներգործման արդյունքում տաշեղներ է տվել, քայքայվել է, որը կոսմետիկ աշխատանքների արդյունքում կարող էր վերանորոգվել։ Իրականացված աշխատանքը, որի արդյունքում հուշարձանին, մեղմ ասած, վնաս է պատճառվել, որոշ դեպքերում՝ անվերականգնելի, որովհետև եթե դա փորձեն վերականգնեն, ամբողջ հուշարձանը պիտի քանդեն ու նորից հավաքեն։ Այն կտորները, որոնք 66-67 թվականներին երեսպատվել են, վերածվել են խճազանգվածի՝ շինաղբի։ Քարի իր բնօրինակ հատվածները ոչ թե ակնածանքով հանվել է, ոչ թե համապատասխան տեխնիկայի միջոցով է հանվել, այլ կիրառվել են մետաղյա ձողեր, պերֆորատորներ, որի արդյունքում թիրախավորված երեսպատման սալիկը հանելու փոխարեն կոտրել են նաև հիմնական կրող անկյունային քարերը։
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքների համար ներգրավված բանվորները հիմնականում հայ չեն, չեն հասկանում Հայաստանի պատմական արժեքների նշանակությունը, և հաճախ չեն հետևում հրահանգներին։
Վերջին օրերին մամուլում տարածված սկանդալին արձագանքել է նաև ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ նա և այլ ճարտարապետներ երեկ գտնվել են հուշհամալիրի տարածքում, արդեն արձանագրել են առկա խնդիրները և փոխանցել մշակույթի նախարարություն՝ համապատասխան քայլերի համար։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը հայտարարել է, որ այս պահին մույթերից 2-ը քանդվել են, վերանորոգվելու են, լավ որակի քար է գտնվել, ճարտարապետն արդեն հավանություն է տվել, ջրամեկուսացման աշխատանքներն են արվում։ Երկու մույթերի աշխատանքներն ավարտելուց հետո դրանք բացվելու են, և այդպես շարունակ՝ մույթերը հերթով կհիմնանորոգվեն։ Նրա խոսքով՝ աշխատանքները վերահսկում է հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյանը։