ԱրցախՄշակույթ

Ստեփանակերտում ոչնչացվել է հայերեն այբուբենին նվիրված հուշակաթողը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, երբ Հայաստանում նշվում է գիտելիքի և դպրության օրը, ադրբեջանական վարչախումբը օկուպացված Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։ Այս մասին հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն

Ըստ հաղորդագրության՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթված տարածքներում մոնումենտալ արվեստի գործերի կործանումը հասել է ահռելի մասշտաբների, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս փաստերը վկայում են Ադրբեջանի՝ հայ ժողովրդի մշակութային հետքը ոչնչացնելու նպատակաուղղված քաղաքականության մասին։

Բացի այդ, օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են նաև անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը, որը տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովը։

Հաղորդագրությունում ընդգծվում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է բարձրագույն մակարդակով բարձրացնել այս հարցը և ձեռնարկել իրական պաշտպանական քայլեր։ Միջազգային հանրությունը նույնպես կրում է ուղիղ պատասխանատվություն՝ որպես համընդհանուր արժեք հանդիսացող մշակութային ժառանգության պահապան: