ՀայաստանՄշակույթ

Ի՞նչ է կատարվում «Զորաց քարերում»․ հնագիտական խումբը «հակամարտության» մեջ է «Քարահունջ» հայագիտական կենտրոնի հետ

Սյունիքի մարզում գտնվող «Զորաց քարեր» հնավայրում արդեն մի քանի շաբաթ է լարված իրավիճակ է ստեղծվել․ հնագիտական հետազոտություն իրականացնող մասնագետների խումբը և «Քարահունջ» հայագիտական կենտրոնը հայտնվել են հակասությունների մեջ։

Հնագետների խոսքով՝ իրենք իրականացնում են գիտական ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով բացահայտել հուշարձանի ճշգրիտ ժամանակագրությունը և գործառույթները։ Ըստ նրանց՝ պեղումները և չափագրումները համապատասխանում են միջազգային չափանիշներին և Հայաստանի օրենսդրությանը։

Մինչդեռ «Քարահունջ» հայագիտական կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ հնավայրի տարածքում արվում են քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել պատմամշակութային արժեքին։ Նրանք համոզված են, որ «Զորաց քարերը» ոչ միայն հնագիտական, այլև աստղագիտական բացառիկ նշանակություն ունի և պետք է առավել զգուշությամբ վերաբերվել դրանց պահպանությանը։ Բացի այդ՝ իրենց ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ նշվում է, որ անավարտ աշխատանքներ են տարվել նաև 2018 թվականին։ Այդ ժամանակ բացված կառույցը մոտ 7 տարի մնացել է առանց հստակ պահպանության։ Նշվում է նաև, որ պեղման աշխատանքներ իրականացնող խմբի ղեկավար պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ երկու անգամ հարուցվել է քրեական գործ՝ Քարահունջի պեղումների ընթացքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և հնագիտական պեղումների անցկացման ՀՀ և միջազգային օրենքների և նորմատիվների, ինչպես նաև արգելոցի կանոնադրության խախտումների հիմքով, սակայն գործերը կարճվել են։

Դրան հակառակ՝ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայությունից հայտնում են, որ աշխատանքները իրականացվում են իրենց թույլտվությամբ, իսկ 2018-ին բացված դամբարանը կոնսերվացվել է։ Նշվում է նաև, որ հատուկ տեխնիկան կիրառվում է ծանր քարերը բարձրացնելու համար, ինչը նույնպես օրինաչափ է։

Հակասությունների արդյունքում կողմերը հրապարակային հայտարարություններով են հանդես գալիս, երբեմն՝ փոխադարձ մեղադրանքներով։ Amnews-ին-ին հայտնի դարձավ, որ Փիլիպոսյանը մեղադրյալ է ճանաչվել մեկ գործով, որը վերաբերում է զրպարտությանը։ Վեճ է ծագել հնագետ Արգամ Այվազյանի հետ։ Գործը գիտական վեճից վերածվել է իրավական վեճի՝ զրպարտության և արժանապատվության խախտման հիմքով։