ՀայաստանՄշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը դատական գործընթաց է սկսում Ծիծեռնակաբերդի վերանորոգման շուրջ կեղծ տեղեկություններ տարածողների դեմ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է իրավական գործընթաց սկսել այն անձանց դեմ, ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ հայցերը շուտով կներկայացվեն դատարան, և դրանց արդյունքում պարզ կլինի, թե որ տեղեկություններն են համապատասխանում իրականությանը։ Անդրեասյանը ընդգծեց, որ վերանորոգման ընթացքը գտնվում է իր անձնական հսկողության ներքո։ Նրա խոսքով՝ ավելի քան 60 տարվա ընթացքում հուշահամալիրի տարածքում որևէ լուրջ վերանորոգում չի արվել, իսկ ջրահեռացման հետ կապված խնդիրները տարիներ շարունակ մնացել են չլուծված։

Նախարարը հիշեցրեց, որ 2015-ին այստեղ «հապշտապ ու հապճեպ աշխատանքներ» են իրականացվել, ինչի հետևանքով թանգարանի 10 տարեկան շենքում այսօր կան խնդիրներ, որոնք այդքան կարճ ժամանակում չպետք է առաջացած լինեին։

Վերջին օրերին մամուլում տարածված սկանդալին արձագանքել էր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ նա և այլ ճարտարապետներ գտնվել են հուշհամալիրի տարածքում, արդեն արձանագրել են առկա խնդիրները և փոխանցել մշակույթի նախարարությանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը հայտարարել է, որ այս պահին մույթերից 2-ը քանդվել են, վերանորոգվելու են, լավ որակի քար է գտնվել, ճարտարապետն արդեն հավանություն է տվել, ջրամեկուսացման աշխատանքներն են արվում։ Երկու մույթերի աշխատանքներն ավարտելուց հետո դրանք բացվելու են, և այդպես շարունակ՝ մույթերը հերթով կհիմնանորոգվեն։ Նրա խոսքով՝ աշխատանքները վերահսկում է հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյանը։