
Փարաջանովի մասին ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով — Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը առաջին անգամ կցուցադրվի ԱՄՆ-ում։ Ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ սեպտեմբերի 20-ին այն կներկայացվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է։ Այն արդեն ցուցադրվել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնում, ինչպես նաև Գենտում (Բելգիա), Մար դել Պլատայում (Արգենտինա) և այլ հեղինակավոր փառատոներում։
Սիեթլում ֆիլմի ցուցադրությունը ընդգրկված է «ԿԻՆՈ ՀԱՅԱՍՏԱՆ. անցյալի և ներկայի եռյակ» բացառիկ ծրագրում։ Այն միավորում է երեք հայազգի ռեժիսորների աշխատանքներ՝ Փարաջանովի «Նռան գույնը», Ատոմ Էգոյանի «Օրացույցը» և Զառա Ջյանի նոր ֆիլմը։ Բացի կինոդիտումներից, նախատեսված են նաև համերգներ, ցուցահանդեսներ և Փարաջանովի ստեղծագործական աշխարհը ներկայացնող անկյուն։
Ֆիլմի ստեղծումը հնարավոր է դարձել Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC) և Cine+ կազմակերպության աջակցությամբ։