
Հայաստանի պետական օրհներգի կատարման նոր կարգ կսահմանվի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվելու է Հայաստանի օրհներգի կատարման նոր կարգը։ Առաջարկվում է հստակեցնել՝ երբ պետք է հնչի երկար տարբերակը, իսկ երբ՝ կարճը։ Թղթի վրա այս նախաձեռնությունը թվում է արդարացված․ պետական խորհրդանիշի օգտագործումը պետք է ունենա հստակ կանոնակարգ։
Նախարարությունը փաստարկում է, որ նախկինում օրհներգի միայն մեկ տարբերակ էր գործնականում կիրառվում, ինչի պատճառով բացակայում էր հստակությունը։ Սա իրականում վարչարարական բացթողում է․ եթե օրենքով ամրագրված է երկար և կարճ տարբերակների գոյությունը, ապա դրանց կիրառման կարգը վաղուց պետք է հստակեցված լիներ։
Հատկանշականն այն է, որ նախորդ տարվա նոյեմբերի 28-ին կառավարության որոշումով՝ օրհներգի կատարումը պարտադիր է դառնալու ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում, քոլեջներում և բուհերում։ Սակայն բուհերում ու քոլեջներում օրհներգ չի հնչում, ինչպես նաև դպրոցների զգալի մասում։
Ավելի վաղ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը առաջին ընթերցման ժամանակ նշել էր, որ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն։
Ըստ Գաբրիելյանի՝ Հայաստանի կարևորագույն խորհրադնիշներից մեկի նկատմամբ պետք է ունենալ միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25–30 վայրկյանի սահմաններում, օրհներգն էլ պետք է սկսվի ու ավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ Նա հավելեց, որ օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ-ն կառավարության պաշտոնական կայքում կհապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը։ Օրհներգի պաշտոնական ձայնագրություն կլինի և՛ ակապելա, և՛ միայն նվագախմբի կատարմամբ։
2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ՝ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2-րդ, իսկ 2-րդ և 3-րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3-րդ և 4-րդ։