ՀայաստանՄշակույթ

Yerevan Music Week 2025․ Երևանը՝ միջազգային երաժշտական կենտրոն

Սեպտեմբերի 17–23-ը Երևանը կդառնա միջազգային երաժշտական հարթակ։ Yerevan Music Week 2025 միջազգային երաժշտական փառատոն-համաժողովին կմասնակցեն շուրջ 70 երաժիշտ և բանախոս աշխարհի տարբեր երկրներից՝ Շվեյցարիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Թուրքիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ղազախստանից։

Փառատոնը Երևանը դարձնում է բացառիկ միջազգային մշակութային կենտրոն, որտեղ կհամախմբվեն երաժշտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության սիրահարներ։

Մեկշաբաթյա հագեցած ծրագրի ընթացքում կկազմակերպվեն շուրջ 35 միջոցառումներ՝ կենդանի համերգներ, պանելային քննարկումներ, վարպետության դասեր և սեմինարներ։ Համերգները տեղի կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հինգ համերգասրահներում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ներքնահարկում, գրադարանում, «Շուշիկի» սրահում և ճեմասրահներում։

Փառատոնի շրջանակներում նախատեսված են թեմատիկ քննարկումներ՝ նվիրված միջազգային փառատոնների դերին, համերգասրահների կարևորությանը և երաժշտական քաղաքների մշակութային նշանակությանը։ Վարպետության դասերը կբացահայտեն գրագետ պորտֆոլիո ստեղծելու և հաջող երաժշտական մենեջեր դառնալու գաղտնիքները։

Այս տարի Yerevan Music Week-ը իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ՝ որը հանդիսանում է պաշտոնական գործընկերը։

Սեդա Մարտոյան