
Լուվրի թանգարանի հավաքածուն Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի շուրջ 6 ամիս
Հայաստանի պատմության թանգարանը առաջին անգամ կցուցադրի Փարիզի Լուվրի թանգարանի հավաքածուից ընտրված ուշագրավ արևելաքրիստոնեական գլուխգործոցներ։ Ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնին, և կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։
Լուվրից Հայաստան են բերվել 4–19-րդ դարերի արժեքավոր գործեր՝ ապակու և փայտարվեստի նմուշներ, քարե քանդակներ, խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական աշխատանքներ, եկեղեցական հանդերձանք, վարագույրներ, սպասք և սրբապատկերներ։ Դրանց թվում են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4–5-րդ դդ., Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5–7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6–7-րդ դդ., Բյուզանդիա), արծաթյա դրվագազարդ ապարանջան (12–13-րդ դդ., Բյուզանդիա), Կրետեի աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ.), Երուսաղեմի խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ.)։
Դրանք երկխոսության մեջ կմտնեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ցուցանմուշների հետ՝ Դվինի թևավոր խաչի (7-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակների (9-րդ դ.), շքեղ փորագրություններով դռան (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկի (13-րդ դ.), Բաղեշի Սուրբ Հովհաննես վանքի խորանախաչի (1770 թ.), Գավառի Սուրբ Հովհաննես եկեղեցու վարագույրի (19-րդ դ.) և այլ արժեքավոր նմուշների։ Առանձին կցուցադրվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։
Ցուցահանդեսը նպատակ ունի ընդգծելու քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգությունը, ինքնատիպ մշակութային արտահայտչաձևերը և դրանց ընդհանուր գծերը։ Այն նաև խորհրդանշական է, քանի որ բացվելու է հենց ՀՀ անկախության օրը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած երկրի դերը։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախկինում նման համագործակցություն արձանագրվել է բրիտանական թանգարանի հետ և Հայաստանում ցուցադրվել է Անահիտ աստվածուհու արձանը։