Գյումրիում եզրափակվեց «Գյուրջիևի օրերը Հայաստանում» միջազգային գիտաժողովը
Գյումրու պատմական «Սև բերդ» ամրոցում համերգով ավարտվեց «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Վերջնական ելույթը տվեց աշխարհում հայտնի «Գյուրջիև» անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանի գլխավորությամբ։ Համերգի ավարտին անսամբլին միացավ նաև Գյումրու պետական կոնսերվատորիայի երգչախումբը՝ Արփինե Մանուկյանի ղեկավարությամբ։
«Գյուրջիև» անսամբլի առանձնահատկությունն այն է, որ նրա կազմում նվագում են միայն հայկական և արևելյան ավանդական գործիքներ։ Անսամբլը վերջին տարիներին շրջագայել է ավելի քան 30 երկրում, 150 քաղաքներում, ելույթ ունենալով միջազգային ամենահեղինակավոր բեմերում։ Գյումրիում հնչեցին Գյուրջիևի ստեղծագործությունների նոր մշակումները՝ ազգային գործիքների կատարմամբ։
Գիտաժողովի մասնակիցները Գյումրիում այցելեցին Գյուրջիևի ընտանեկան տունը, հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանը, և այլ վայրեր, որոնք կապված են նրա մանկության հետ։
Գիտաժողովը կազմակերպվել էր Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի նախաձեռնությամբ։ Այն իրականացվել է Երևանի պետական համալսարանի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի համագործակցությամբ, ինչպես նաև Լոս Անջելեսում գործող «Ջորջ Իգնատիուս» հիմնադրամի աջակցությամբ։ Մասնակցել են ավելի քան տասը երկրների գիտնականներ, արվեստագետներ և երաժիշտներ՝ ներկայացնելով իրենց նորագույն հետազոտությունները Գյուրջիևի փիլիսոփայության, երաժշտության և մշակույթի մասին։
