ՀայաստանՄշակույթ

Լեռնահովիտում քրիստոնեական բացառիկ կոթող է հայտնաբերվել

Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում գազատար խողովակների փոխարինման աշխատանքների ընթացքում շինարարները նկատել են կոթող՝ քրիստոնեական քանդակազարդումով, որի մասին անմիջապես տեղեկացրել են համապատասխան կառույցներին։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ կոթողը վաղ միջնադարյան է, իսկ աստվածաշնչյան պատկերն ընդգծում է գտածոյի բացառիկ պատմամշակութային նշանակությունը։

ՊՈԱԿ-ից հայտնում են նաև, որ տարածքում հայտնաբերվել են նաև առանձին կտորներ։ Տեղացիների խոսքով՝ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, երբ Լեռնահովիտում գտածոներ են հայտնաբերվում․ գյուղի տարբեր հատվածներում նախկինում ևս խեցեղեն ու քարե մասեր են գտնվել, որոնք կարող են ապացուցել, որ Լեռնահովիտի տարածքում հին տաճար է եղել։

Մարինա Գրիգորյան