Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես Բեռլինի բացառիկ ցուցանմուշներով
Հայաստանի պատմության թանգարանը և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանը պաշտոնապես համագործակցության հուշագիր են ստորագրել, որը նշանավորում է երկու հաստատությունների պատմական գործընկերության սկիզբը։
Համագործակցության շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի համատեղ ցուցադրություն՝ Բեռլինի «Թանգարանային կղզու» մի շարք թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով, որոնց մի մասը ցուցադրվելու է առաջին անգամ։ Ցուցադրությունը նվիրված է «Թանգարանային կղզու» հիմնադրման 200-ամյակին և արտերկրում նման ծավալով իրականացվում է առաջին անգամ։
2027 թվականին նախատեսվում է փոխադարձ ցուցադրություն Բեռլինում, որի ընթացքում առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ նմուշները։
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի ժամանակավոր տնօրեն Դավիթ Պողոսյանը և Բեռլինի թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը։
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Թանգարանների համագործակցությունը սկսել է 2021 թվականից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։

