Առաքել Աֆրիկյանի տունը և Կեչառիսի Սբ. Գրիգոր եկեղեցին կբարեկարգվեն

Երևանում և Կոտայքի մարզում գտնվող երկու պատմամշակութային հուշարձանների որմնանկարների վերականգնման էսքիզային նախագծերը քննարկվել և դրական եզրակացություն են ստացել ոլորտային մասնագիտական խմբի կողմից։ Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի 2026 թվականի առաջին նիստում։

Քննարկման առարկա են դարձել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 38 հասցեում գտնվող Առաքել Աֆրիկյանի՝ 20-րդ դարի բնակելի տան որմնանկարների, ինչպես նաև Ծաղկաձոր քաղաքի Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի ամրակայման և վերականգնման նախագծերը։

Աֆրիկյանի տունը կառուցվել է 1902 թվականին։ Շենքում պահպանվել են տարբեր կառուցվածքով և ձևավորմամբ վառարաններ, ինչպես նաև 20-րդ դարի սկզբին արված առաստաղային չորս որմնանկարներ՝ բուսածաղկային հորինվածքներով։ Վերականգնման էսքիզային նախագծի հեղինակը մոնումենտալ արվեստի հուշարձանների վերականգնող Նիկոլայ Միխայլովն է։

Կեչառիսի Սուրբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարը թվագրվում է մոտավորապես 13-րդ դարով։ Այն պատկերում է Բարեխոսության տեսարանը՝ Քրիստոսի, Սուրբ Աստվածամոր, Հովհաննես Մկրտչի, առաքյալների և հրեշտակների պատկերներով։ Նախագիծը մշակվել է «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ի կողմից, վերականգնողը Աշխեն Պապոյանն է։

Երկու նախագծերն էլ պատվիրվել են բարերարների կողմից՝ պետություն–մասնավոր համագործակցության շրջանակում։ Աշխատանքային խումբը ստեղծվել է 2022 թվականին և քննարկում ու համակարգում է մոնումենտալ արվեստի հուշարձանների ամրակայման և վերականգնման նախագծերը, այդ թվում՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը։