Երևանում ստեղծվել է «ՍԵՄ» սփյուռքահայ մշակույթի կենտրոն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են նախարար Ժաննա Անդրեասյանը և հիմնադրամի համահիմնադիրներ Գրիգոր Պըլտյանը և Մովսես Տեր-Գևորգյանը։

Հուշագրով նախատեսվում է Երևանում ստեղծել «ՍԵՄ» սփյուռքահայ մշակույթի կենտրոն, որի նպատակը սփյուռքում ձևավորված հայկական մշակութային ժառանգության հավաքագրումն ու պահպանումն է, ինչպես նաև մշակութային նորարար ծրագրերի իրականացումը, ստեղծագործական համագործակցութան խթանումը ու փորձի փոխանակումը։ Կենտրոնում նախատեսվում է հավաքել արվեստի գործեր, արխիվներ, գրական և մտավոր ժառանգություն։

Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել հիմնադրամին տրամադրել գործունեության տարածք, որը հիմնադրամը կվերանորոգի և կկառավարի։ Նախատեսվում է, որ կենտրոնում կիրականացվեն նաև մշակութային ծրագրեր և նախաձեռնություններ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարևոր է ստեղծել մի վայր, որտեղ հնարավոր կլինի հավաքել սփյուռքում ձևավորված մշակութային ժառանգությունը և այն հասանելի դարձնել հանրությանը։

Հիմնադրամի համահիմնադիր Մովսես Տեր-Գևորգյանն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն է պահպանել սփյուռքի մշակութային և մտավոր ժառանգությունը և փոխանցել այն նոր սերունդներին։

Հուշագիրը ուժի մեջ է մտել ստորագրման պահից և գործելու է երեք տարի։