«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարման լիազորությունները փոխանցվում են ԿԳՄՍ նախարարությանը

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից փոխանցելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականից «Հայֆիլմը» գտնվում էր պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, սակայն գրեթե մեկ տասնամյակ չի գործել՝ պահպանելով անկման միտում։

Նախարարությունը նախատեսում է վերագործարկել կինոստուդիան և այն դարձնել ոլորտային քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ ձևավորելով «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» մասշտաբային ծրագիրը։

ԿԳՄՍՆ-ի ներկայացմամբ՝ ծրագիրը ներառելու է ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության բաղադրիչներ՝ նպատակ ունենալով զարգացնել ստեղծարար ներուժը և ամրապնդել ենթակառուցվածքները։

«Հայֆիլմը» սեփականաշնորհվել էր 2003–2004 թվականներին՝ վաճառվելով «CS Media City» հոլդինգի մաս կազմող «Armenia Studios» ընկերությանը։ Պայմանագրով նախատեսվում էր 10 տարվա ընթացքում 70 մլն դոլարի ներդրում և տարեկան մի քանի տասնյակ ֆիլմերի արտադրություն։

Սակայն պարտավորությունները չեն կատարվել, և գրեթե մեկ տասնամյակում որևէ ֆիլմ չի նկարահանվել։ Տարիների ընթացքում ստուդիայի շենքը վնասվել է, իսկ գույքի մի մասը դուրս է բերվել։

2015 թվականին ստուդիան վերադարձվել է պետությանը՝ ներդրումային պարտավորությունների չկատարման պատճառով։

2019 թվականին կառավարությունը որոշել էր կինոստուդիան վարձակալության հանձնել «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, իսկ 2024 թվականին «Հայֆիլմի» տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ՝ Ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակում օգտագործելու նպատակով։