Իսպանիայում ներկայացվում է հայկական ձեռագրական արվեստը

Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ցուցահանդեսը կազմակերպվել է նախարար Ժաննա Անդրեասյանի՝ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Բացման արարողությանը մասնակցել են Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը։

Ցուցադրությանը ներկայացված են Մատենադարանում պահվող հայկական ձեռագրերից ընտրված շուրջ մեկուկես տասնյակ նմուշներ, որոնց մի մասը առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանի սահմաններից դուրս։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Իսպանիայի մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, գործարարներ և հայ համայնքի անդամներ, որոնց համար կազմակերպվել է հատուկ շրջայց։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները նպաստում են հայկական մշակութային ժառանգության միջազգային ներկայացմանը և մշակութային համագործակցության խորացմանը։

Ցուցահանդեսի համադրողը Իվեթ Թաջարյանն է։ Այն կգործի մինչև 2026 թվականի հունիսի 21-ը։