ՀայաստանՄշակույթ

Հայաստանի Գրողների միությունը տոնում է իր 90-ամյակը

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Գրողների միությունը տոնել է իր 90-ամյակը` նշանավորելով գրականության բնագավառում անցած տասնամյակների հարուստ և բազմազան ուղին։

Միջոցառումը իր զեկույցով բացել է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Նա ամփոփել է միության անցած ողջ պատմական ուղու կարևորագույն փուլերը՝ հիմնադրման՝ 1934 թվականից մինչև մեր օրերը։ Հիշատակվել են հայ գրականության մեծանուն բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, թարգմանիչների և հրապարակախոսների անունները, որոնց գործունեությունը անբաժան է եղել Հայաստանի գրողների միության պատմությունից և զարգացման գործընթացից։

Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել Գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աելիտա Դոլուխանյանը, դրամատուրգ և «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը և Սունդուկյանի անվան թատրոնի դերասանները։