ՀայաստանՄշակույթ

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվեց

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ այսօր տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Մայր աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։

150-ամյա այս տաճարը, որն ավերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից 36 տարի անց վերստին իր դռներն է բացում։

Ամենայն հայոց կաթողիկոսը շեշտել է, որ երկրաշարժի հետևանքով խոնարհված այս եկեղեցին ավերակների միջից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի ու զորեղ հավատքի շնորհիվ: Այսուհետև եկեղեցում վերսկսվելու են հոգևոր արարողությունները։

Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվել է սուրբ պատարագ։

Հիշեցնենք` 1988–ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետներից մեկը` ավելի քան 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը։ Լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, ընդհանուր առմամբ` 21 քաղաք և 324 գյուղ։ Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, սակայն իրականում թիվն անցնում էր 35 հազարը։ Անօթևան դարձավ 530 հազար մարդ։