ՀայաստանՄշակույթ

Կթողարկվի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը

Դեկտեմբերի 20-ին թողարկվելու է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Ստեղծագործությունները կատարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Ալբոմը ներառում է Մանսուրյանի սիրված ստեղծագործությունները հայկական կինոյից։ Դրանք հասանելի են լինելու աշխարհի մի շարք առաջատար երաժշտական հարթակներում՝ Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլն։

Տիգրան Մանսուրյանը երաժշտություններ է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արևը», «Գործուղում առողջարանը», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Հին օրերի երգը», «Գիքորը» և այլն։ Իր հարցազրույցներից մեկում կոմպոզիտորը հիշել է, որ կոնսերվատորիայի 4-րդ կուրսում է առաջարկություն ստացել ֆիլմի համար երաժշտություն գրել։

Ծրագիրը իրականացվելու է Մանսուրյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։