ՀայաստանՄշակույթ

Վարդենիկում հուշահամալիր է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ավարտվել է 2020-2022 թվականների Արցախյան պատերազմներում զոհված 26 զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը։ Ծրագիրը ֆինանսավորվել է կառավարության և Մարտունի համայնքի համատեղ ջանքերով՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանից, հուշահամալիրը ստեղծվել է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մոտ, կենտրոնական փողոցի հարևանությամբ։ Այն դպրոցից բաժանված է կանաչապատ տարածքով։

Հուշահամալիրի հենապատի վրա պատկերված են զոհվածների լուսանկարները և նրանց անուն-ազգանունները։ Հետաքրքրական է, որ հենապատի մեջտեղում պատկերված են 3 տերևներ և բուրգ։ Տերևներից երկուսը խորհրդանշում են Արցախյան երկու պատերազմի,  երրորդը՝ խաղաղ ժամանակներում զոհված վարդենիկցիների հիշատակը, իսկ կենտրոնից բարձրացող բուրգը խորհրդանշում է նոր կյանքի ծիլն ու հարատևությանը։

Գլխավոր մուտքից ճեմուղի է ձգվում դեպի հուշապատ, ճեմուղիում դրվել են նստարաններ, անցկացվել է լուսավորություն, ցայտաղբյուրի և ոռոգման համար՝ ջրամատակարարման համակարգ։