
15 պատմամշակութային կառույցներ հուշարձանի կարգավիճակ են ստացել
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։ Հուշարձանի կարգավիճակը տալիս է իրավական պաշտպանություն, ինչը նշանակում է, որ այդ կոթողը ենթարկվում է հատուկ պահպանության և չի կարող վնասվել, քանդվել կամ փոփոխվել առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության։
Նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայում գտնվող նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենքը, Բաղրամյան պողոտայում գտնվող Չեխովի անվան 55 հիմնական դպրոցի շենքը և ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի շենքը։
Տեղական հուշարձանների կարգավիճակ են ստացել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Չինական գրախանութի շենքը, Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տունը (XIX դ. II կես), Հարթագյուղ գյուղի դամբարանադաշտը (Ք.ա. III-I հազ.), XV-XVII դդ. տապանաքարը (խոյատապան);
Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի Ամբարի վիմափոր ջրաղացը, գյուղատեղի «Վարդանես»-ը, դրա տարածքում գտնվող գերեզմանոցը, խաչքարը և կոթողը;
Կոտայքի մարզի Նոր Գեղիի Նոր Գեղի-1 բացօթյա կայանը;
Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող երկու խաչքարերը, Առաջաձոր գյուղում գտնվող խաչքարը;
Քննարկվել են նաև Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի գյուղատեղի «Ծաղկավանքի», Կարենիս գյուղի Կարենիսի վանական համալիրի (Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք), Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի զանգակատուն-մատուռի, Վանական համալիր Հարանց անապատ (Սյունյաց Մեծ անապատ), Տաթև գյուղի Վանական համալիր Տաթևի Մեծ անապատի ևս 30 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։